Հայաստան է մուտք գործել ավելի քան 76 հազար բռնի տեղահանված արցախցի

Բոլոր տեղահանված անձինք պետք է հաշվառում անցնեն, որպեսզի հետագա փաստաթղթավորման խնդիրները լուծվեն, և դրանք վերականգնվեն։

 Այսօր ժամը 20։00–ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 76.407 մարդ է ժամանել Հայաստան։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

Նա նշել է, որ Հակարիի կամուրջը հատել է 15.535 տրանսպորտային միջոց։ 55.248 անձի դեպքում իրականացվել է հաշվառում։ 17․153 անձ օգտվել է պետության տրամադրված կեցավայրերից։ 

«Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում` 3665 անձ, Արմավիրի մարզում` 1231, Գեղարքունիքում` 1542, Լոռու մարզում` 663, Կոտայքում` 4156, Շիրակում` 783, Սյունիքում` 1958, Վայոց Ձորում` 1071, Տավուշում` 797 անձ»,–ասաց նա։

Իր հերթին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ հաշվառում են նաև այն քաղաքացիներին, որոնք ինչ–ինչ պատճառներով չունեն փաստաթուղթ։

«Քաղաքացիների նույնականացումն իրականացվում է պետռեգիստրի միջոցով։ Շատ էական է, որպեսզի անձինք անցնեն հաշվառում, որպեսզի հետագա փաստաթղթավորման խնդիրները լուծվեն, և դրանք վերականգնվեն»,–ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print