Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարը բարձրացրել է այս հարցն Ադրբեջանի նախագահի հետ զրույցի շրջանակներում։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է USAID-ի տնօրեն Սամանտա Փաուերի հայտարարությանը՝ Աղետներին աջակցության արձագանքման թիմ տեղակայելու վերաբերյալ։ Միլլերի խոսքով՝ այդ թիմը կգնահատի իրավիճակը և կբացահայտի առաջնահերթ կարիքները՝ ընդլայնելու օգնությունը և համագործակցելու գործընկերների հետ՝ շտապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
Նա հրաժարվել է պատասխանել ԼՂՀ լուծարման շուրջ ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հարցին.
«Ընդհանուր առմամբ, մենք կարևորում ենք հրադադարի պահպանումը, մարդասիրական կարիքների բավարարումը, անկախ միջազգային առաքելության վաղաժամ ստեղծումը, ինչը թափանցիկություն և վստահություն կհաղորդի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Սա մեզ համար առաջնահերթություն է ստեղծված իրավիճակի ուղղությամբ աշխատելու համար»։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բավական լուրջ է վերաբերվում ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ միջազգային առաքելությանը.
«Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնության, տարածաշրջանում մարդասիրական կարիքների վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարը բարձրացրել է այս հարցն Ադրբեջանի նախագահի հետ զրույցի շրջանակներում, ճնշում է նրան՝ աջակցելու միջազգային առաքելությանը»: