Ապօրինի կազմակերպել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր

Դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ մեղադրյալներից պետությանը պատճառված 11 մլրդ դրամի գույքային վնասը բռնագանձելու պահանջով:

Քաղաքացի Ա. Բ.–ն մեկ ամսում պետությանը հասցրել է 11 մլրդ դրամի վնաս` կազմակերպելով «Պոկեր» տեսակի շահումով խաղեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Կոմիտեից հայտնել են, որ 2021 թ. հունիսից մինչև հուլիսի 7–ն ընկած ժամանակահատվածում Ա. Բ.–ն Երևանի Սայաթ–Նովա պողոտայում գտնվող ակումբի տարածքի առանձնասենյակում առանց պետական գրանցման և լիցենզիայի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն:

«Պարզվել է, որ Ա. Բ.–ն շահույթ ստանալու նպատակով կազմակերպել և խաղավարներ Մ.Բ.–ի ու Ա.Դ.–ի օժանդակությամբ պարբերաբար անցկացրել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր: Այս խաղավարները շահումով խաղերի մասնակիցների կողմից կատարված յուրաքանչյուր խաղադրույքից հօգուտ Ա. Բ.–ի յուրաքանչյուր խաղային օրվա մինչև ժամը 24:00–ն ընկած ժամանակահատվածում խաղաքարերի տեսքով գանձել են 4 տոկոս եկամուտ, իսկ դրանից հետո՝ 3 տոկոս»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

2023 թ. սեպտեմբերի 15–ին դատախազը Ա.Բ.–ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական հին օրենսգրքի 188–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությունը), իսկ Մ.Բ.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը):

Դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ մեղադրյալներից պետությանը պատճառված 11 մլրդ դրամի գույքային վնասը բռնագանձելու պահանջով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print