Ֆրանսիան վճռականորեն հանձնառու է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու հարցում
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվեց ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:
«Ֆրանսիան վճռականորեն հանձնառու է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու հարցում և աջակցում է փախստականներին, ովքեր ստիպված են լքել իրենց հողն ու իրենց տները»,- տեղեկացնում են դեսպանությունից:
ՀՀ առողջապահության նախարարությունն էլ, տեղեկացնելով, որ մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ Հայաստան, հայտնում է` Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը:
«Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար: Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում»,- հայտնում են նախարարությունից::
Ավելի վաղ հայտնել էինք` Ֆրանսիայից ուղարկվող 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:



