Ֆրանսիան Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի

Կոլոննան դիմել է նաև Բորելին` դիտորդական առաքելությունն ընդլայնելու և մանդատը հզորացնելու խնդրանքով

Իմ Հայաստան այցով ուզում եմ ցույց տալ, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ցանկացած սպառնալիքի նկատմամբ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ 

Վերջինս հավելեց նաև, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ապագա պայմանագրի կնքման համար, որը ՀՀ–ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։

«Սա արվում է, որպեսզի ՀՀ–ն կարողանա ապահովել իր պաշտպանությունը։ Բայց մանրամասներ չեմ կարող ասել այս պահին»,– ասաց նա։

Կոլոննան հայտնեց նաև, որ պաշտոնապես դիմել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ–ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու և մանդատը հզորացնելու խնդրանքով, որպեսզի նրանք կարողանան ավելի օգտակար լինել։

Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքով՝ իրենց նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները հստակ ազդակներ ցույց տան Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված։ «Ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ կոպիտ արձագանքի կարժանանա»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print