Հայաստանի հետ պետք է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ. Միհաել Գահլեր

Պետք է պահանջել միջազգային ներկայություն, որը կապահովի, որ ԼՂ-ում մնացած հայերը կարողանան ապրել ապահովության պայմաններում:

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միհաել Գահլերը Եվրախորհրդարանում տեղի ունեցող «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը հայտարարել է, որ Ադրբեջանի միակողմանի ռազմական գործողությունները լայնորեն դատապարտվել են, այժմ անհրաժեշտ է օգնել Հայաստանին՝ հասցեագրելու ավելի քան 100 հազար փախստականի հետ կապված հումանիտար մարտահրավերները:

«Պետք է պահանջել միջազգային ներկայություն, որը կապահովի, որ ԼՂ-ում մնացած հայերը կարողանան ապրել ապահովության պայմաններում: Այդ շրջանակը կարող են լինել ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ԿԽՄԿ-ն, բոլոր այն կառույցները, որոնց լիարժեք անդամ է Ադրբեջանը: Անվտանգության երաշխիքը չպետք է վերաբերի միայն ԼՂ-ում մնացած փոքր թվով մարդկանց, մենք պետք է համոզվենք, որ բոլոր նրանք, ովքեր ահաբեկված լքել հեռացել են, պետք է հնարավորություն ունենան ապահով վերադառնալ իրենց տներ: Այս բռնի գործողության արդյունքը չպետք է լինի Էթնիկ զտումը: Սա նաև ազդանշան է Հայաստանի ժովրդավարական եղանակով ընտրված Փաշինյանի կառավարությանը, որ եթե Ռուսաստանը ձեզ միայնակ թողեց, ապա մենք չենք թողնի: Կարծում եմ՝ Հայաստանի հետ պետք է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ՝ որպես ազդակ, որ նրանք մենակ չեն»,- ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print