Պարզվում են Երևան-Գյումրի ավտոճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները. ՔԿ

Ավտովթարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդները, ինչպես նաև Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա ուղևորուհին տեղում մահացել են։

2023 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից ստացվել է հաղորդում՝ կից փաստաթղթերով, այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են երկու տրանսպորտային միջոցներ և կան տուժածներ:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարված նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023 թ.  հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 103-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել Երևան քաղաքի 56-ամյա բնակչի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան և Գյումրի քաղաքի 54-ամյա բնակչի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան։ Ավտովթարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդները, ինչպես նաև Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա ուղևորուհին տեղում մահացել են։ Ավտոմեքենաների 8 ուղևորներ, այդ թվում՝ երկու երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն և Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Քրեական վարույթով կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն, վնասվածքներ ստացած բոլոր անձինք ճանաչվել են տուժող։ Ըստ բուժհաստատությունից ստացված տեղեկանքի՝ վերջիններիս հետ դեռևս հնարավոր չէ քննչական գործողություններ իրականացնել։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ոստիկանությանը տրվել է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ավտովթարի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print