Վաղը Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի

Արտահերթ նիստը կգումարվի մինչ Երևանի ավագանու ընտրությունները գործող ավագանու կազմով

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.

  1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ Երևան քաղաքի ավագանին 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ ընդունել է Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը: 2009 թվականից առ այսօր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերվում են նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը:

Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված թիվ ՀՕ-333-Ն և 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված ՀՕ-202-Ն օրենքներով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում փոփոխվել են նաև համամասնական ընտրակարգով ընտրվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության, այդ թվում՝ համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի) ընտրության անցկացման կարգը սահմանող կարգավորումները:

«Տվյալ պարագայում նկատի ունենալով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ հաստատված Երևանի քաղաքի ավագանու կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ դրանում ամրագրված ընթացակարգային կարգավորումները համապատասխանեցնելով գործող օրենսդրական ակտերի (Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ) պահանջներին»,- նշվում է հիմնավորման մեջ:

Նշենք, որ արտահերթ նիստը կգումարվի մինչ Երևանի ավագանու ընտրությունները գործող ավագանու կազմով, իսկ նոր ավագանու անդրանիկ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print