Զախարովան այդ լուրերը որակել է որպես Երևանում ԱՄՆ դեսպանատան ակտիվ աշխատանքի հերթական դրսևորում ու արդյունք։
Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելափակումը կհակասի Հայաստանի ներկայիս իշխանությունների հիմնական սկզբունքին և կարգախոսին։ Այսօրվա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ վերջերս Հայաստանի հանրային մուլտիպլեքսում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ լուրերին։
«Սա Երևանում ԱՄՆ դեսպանատան ակտիվ աշխատանքի հերթական դրսևորումն ու արդյունքն է, որտեղ 2 հազար աշխատակից զբաղված է ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելով։ Նախկինում մի շարք ռուս լրագրողներ արդեն հայտնվել էին Հայաստան մուտքի արգելքի ցուցակներում։ Թե արգելափակման մասին հայտարարությունները որքանով են արտացոլում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, պետք է նրանց հարցնել։ Թող սա մեկնաբանի Երևանը։ Բայց եթե նման մտքերն այնտեղ շրջանառվում են, ապա կարծում եմ՝ պետք է իրենց հաշիվ տան, որ այդ հայտարարություններով պարզապես խաչ են քաշում ժողովրդավարական այն սկզբունքների վրա, որոնց մասին հայտարարում էին որպես առաջնահերթություն»,- ասել է Զախարովան։