Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա։
Ես պետք է վստահեցնեմ, որ դեռ 1993 թվականից սկսած մեր ատոմակայանում իրականացվել և շարունակում են իրականացվել ծրագրեր աշխատանքներ՝ ատոմակայանի անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:
«Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա, և վերջերս Կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում. առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ, որ ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի 2026 թվականից մինչև 2036 թվական»,- ասաց Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվել: «Կարելի է շատ երկար թվարկել: Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել. բազմաթիվ դետալներ, սարքավորումներ, համակարգեր փոխվել են»,- ասաց նախարարը: