Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում ։
ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման, հաստատել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ օրեր առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են Թուրքիայում:
Իր պատասխանում ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է.
«Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը միտված էր լուծելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրատապ կարիքների հարցը: Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է կողմերին օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»:
Նախօրեին «Politico» թերթը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին ու պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, գաղտնի բանակցություններ են վարել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր սրացումից երկու օր առաջ։