Հանցավոր շղթայում այլ անձանց, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, սոցիալական ցանցի՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակները վարող և նրանց հետ համագործակցող անձանց շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Սոցիալական ցանցում թմրամիջոցների և դրանց ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի վերաբերյալ առաջին վարույթը, երկու մեղադրյալի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացման և գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի 20 և 24-ամյա բնակիչներ:
Մասնավորապես՝ 24-ամյա երիտասարդն իր կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով «Տելեգրամ» սոցիալական ցանցում գրանցել և անձամբ վարել է գրեթե նույնանուն՝ թվով 5 զրուցարաններ։ Դրանք կառավարելու՝ զրուցարաններ այլ անձանց մուտք գործելու և անհրաժեշտ տեղեկություններ տեղադրելու թույլտվություն է տվել նաև իր ընկերոջը՝ 20-ամյա երիտասարդին: Վերջինս տելեգրամյան հարթակում այդ ալիք-զրուցարաններին իր հասանելիությունն ապահովել է իր կողմից շահագործվող հեռախոսահամարով գրանցված երկու օգտահաշիվների միջոցով, իսկ ընդհանուր նրանք հավաքել են շուրջ 2 500 առցանց հետևորդ:
Այդ նույն հարթակներում և զրուցարաններում 2022թ. մինչև 2023թ մայիս ընկած ժամանակահատվածում երիտասարդները հրապարակել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ՝ վաճառքով զբաղվող տելեգրամյան առցանց խանութ-ալիքների կողմից իրենց էջերում տեղադրված հասանելի և բաց տեղեկություններ թմրամիջոցների արժեքների, քանակի և այլնի մասին, ինչպես նաև՝ թմրամիջոցի առցանց այդ խանութների կողմից թմրամիջոցի խաղարկության գովազդ, իսկ որոշ դեպքերում նրանք խորհուրդ են տվել նաև թմրամիջոցներ ձեռք բերել նշված խանութներից՝ այդ կերպ օժանդակելով այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը, խթանելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների աճին:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վաճառքի եղանակով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող առցանց խանութ-հարթակներին օժանդակելու արդյունքում, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, 20-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և գործածել այն, իսկ դրա գործածման համար անհրաժեշտ մանրացման սարքերը՝ աղացներն ու դրանցում առկա՝ օգտագործված մարիխուանայի մնացորդ-հետքերը հայտնաբերվել են նրա անձնական խուզարկությամբ:
24-ամյա երիտասարդն էլ իր հերթին, նույն այդ զրուցարաններում թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող խանութներին գովազդելու արդյունքում խանութներից մեկից իր գործածման համար, տելեգրամյան հավելվածի միջոցով, նախապես ստացել է թմրամիջոցների թաքստոցների վերաբերյալ հստակ կոորդինատներով ու նշումներով լուսանկարներ, ապա թաքստոցներից ապօրինի ձեռք է բերել իրեն իրացված խոշոր չափերով՝ 0,55 գրամ ընդհանուր հաստատուն քաշով «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոց և գործածելու նպատակով ապօրինի պահել իր մոտ, ինչը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 20-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 24-ամյա երիտասարդին՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտ։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:
Հանցավոր շղթայում այլ անձանց, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, սոցիալական ցանցի՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակները վարող և նրանց հետ համագործակցող անձանց շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: