Վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով:
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, բացի այդ՝ 102 հազար եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով:
«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան այս մասին հայտնում է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Աննա Մարիա Սիկոն:
Անդրադառնալով Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների և դրա արդյունքում ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումների մասին հարցին՝ դեսպանը շեշտում է, որ Հունգարիան հստակ և հաստատուն դիրքորոշում ունի բոլոր զինված հակամարտությունների վերաբերյալ, ինչը բազմիցս են արտահայտել:
«Վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով: Միայն մեկ կայուն լուծում կարող է լինել, և դա խաղաղությունն է»,-ասում է դեսպանը՝ հավելելով, որ դա է ճիշտը նաև կովկասյան տարածաշրջանի համար։
Հունգարիան հույս ունի, որ պատերազմներն ու մարդկանց տառապանքները շուտով կփոխարինվեն խաղաղ համակեցությամբ:
Դեսպանի վստահեցմամբ՝ Հունգարիան լիովին հասկանում է իրավիճակի լրջությունը, այդ իսկ պատճառով մի քանի օր առաջ ինքը ժամանել է Երևան, հանդիպել հայ քաղաքական և հոգևոր առաջնորդների հետ՝ քննարկելու մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը։
«Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ Հունգարիան 102 հազար եվրո է նվիրաբերել Հայկական Կարմիր խաչին «Հունգարիան օգնում է» ծրագրի միջոցով՝ աջակցելու մարդասիրական ծրագրերին։ Հունգարական օգնության նպատակն է նպաստել տարածաշրջանում կայունությանը` օգնելով հակամարտության և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց»,-ասում է Աննա Մարիա Սիկոն:
Հունգարիան ուրախ է, որ կարող է անհապաղ օգնություն ցուցաբերել այս սարսափելի հանգամանքներում և հնարավոր ամեն ջանք կգործադրի դա շարունակելու համար։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին լուրեր էին տարածվել, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Ադրբեջանին, ի սկզբանե պետք է լիներ ԵՄ անդամ 27 երկրի ընդունած համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան վետո էր կիրառել հայտարարության ընդունման նկատմամբ:
Հայաստանում Հունգարիայի դեսպանը ԵՄ հայտարարության վերաբերյալ այս հրապարակումները համարում է փաստերի և իրականության վրա չհիմնված մեղադրանքներ։
«Մի քանի անդամ երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, մեկնաբանություններ են արել նախատեսված համատեղ հայտարարության վերաբերյալ, վերջում չի հաջողվել կոնսենսուս ձեռք բերել, ուստի այն հրապարակվել է Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից»,-պարզաբանում է դեսպանը:
Իսկ թե ի՞նչ դիրքորոշում ունի Հունգարիան դեռ 2021-ի մայիսից Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի վերաբերյալ՝ դիվանագետը վստահեցրեց, որ միջազգային իրավունքի հիման վրա Հունգարիան հավատարիմ է մնում ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին։ Բազմաթիվ առիթներով են հստակեցրել իրենց դիրքորոշումն այս առնչությամբ։ Հունգարիան ցանկանում է, որ մարդկային տառապանքներին վերջ տրվի, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա խաղաղ ապրել: Դեսպանը վստահեցնում է, որ Հունգարիան միշտ աջակցել Է այս նպատակով նախաձեռնություններին և կշարունակի դա անել:
Իսկ Ադրբեջանում մինչև այժմ ապօրինաբար պահվող հայ գերիների առնչությամբ դեսպանը հավաստիացնում է. «Հունգարիան պատրաստ է կրկին միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու հայ ռազմագերիների անվտանգ վերադարձին իրենց հայրենիք»:
2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 5 հայ ռազմագերի էր վերադարձել հայրենիք: