ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ փաստական տվյալներից չի երևում, որ Կարեն Ղազարյանը պատշաճ կերպով պաշտպանված է եղել կամայական կալանքից, քանի որ Ադրբեջանի կառավարությունը դատարանին չի տրամադրել որևէ տեղեկություն, որը թույլ կտար դա ստուգել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողների բողոքի հիման վրա հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել: Արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտում: Մասնավորապես՝ Ադրբեջանը խախտել է Կարեն Ղազարյանի՝ խոշտանգումների արգելքի (3-րդ հոդված), Ազատության և անձնական անձեռնմխելիության (5-րդ հոդված՝ մի քանի կետերով) իրավունքները: Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վճարել 10 հազ. եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 3225 եվրո՝ փաստաբանական ծախսերի համար:
Կարեն Ղազարյանի ծնողները ՄԻԵԴ էին դիմել 2018-ին: Եվրոպական դատարանին հայտնել էին, որ իրենց որդին ունի հոգեկան առողջության խնդիրներ: Կարենը 2018թ. հուլիսի 15-ի գիշերը դուրս է եկել Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։
Ծնողները Կարենին վերջին անգամ տեսել են գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, երբ նա իջել է տան առաջին հարկ՝ ջուր խմելու: Առավոտյան նա իր սենյակում չի եղել։ Սենյակում մնացել էին նրա բջջային հեռախոսը, դրամապանակը և ծխախոտը: Իրեր, առանց որոնց, ըստ Կարենի ծնողների, նա երբեք չէր հեռանա տնից:
Այդ օրը եղանակը վատ է եղել՝ ուժեղ քամիներով և հորդառատ անձրևով պայմանավորված, իսկ գյուղի էլեկտրականությունն անջատվել է։ Ծնողները մտածել են, թե իրենց որդին գնացել է էլեկտրաէներգիայի գեներատորը ստուգելու։
Սակայն, նույն օրը առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինված «դիվերսիոն» խումբը փորձել է ներխուժել Ադրբեջանի տարածք, և որ հայ հետախույզ Կարեն Ղազարյանը ձերբակալվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Կարեն Ղազարյանի լուսանկարը՝ սև զինվորական համազգեստով և սև գլխարկով, իսկ դեմքին քսված է եղել սև ներկ։ Դիմումատուները պնդել են, որ նա տնից դուրս գալիս նման հագուստով չի եղել:
Հայաստանի ոստիկանության և Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակները հայտարարություններ են տարածել, որ Կարեն Ղազարյանը հիվանդության պատճառով չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Նշվում էր նաև, որ պաշտպանության նախարարը՝ որպես ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ, խնդրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակին ջանքեր գործադրել Կարեն Ղազարյանի վերադարձի համար։
Կարեն Ղազարյանի անհետացումից մի քանի օր անց, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ծնողներին: Նրանք հայտնել են, որ Կարենն Ադրբեջանում կալանավորվել է, և առաջարկել են իրենց միջոցով նամակ փոխանցել որդուն:
2018թ. օգոստոսի 16-ին ծնողները կրկին հանդիպել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին և հայտնել, որ իրենց որդին հոգեկան հիվանդություն ունի, որ վերջին 5 տարիներին եղել է բժշկի հսկողության ներքո, պարբերաբար դեղեր է ընդունել: Դիմումատուները նշել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները խոստացել են այդ տեղեկությունը փոխանցել Բաքվում գտնվող իրենց ներկայացուցիչներին։
ԿԽՄԿ-ի հետ մեկ այլ հանդիպման ժամանակ ծնողներին հնարավորություն է տրվել տեսակապով զրուցել Բաքվում ԿԽՄԿ բժշկի հետ: Ըստ դիմումատուների՝ ԿԽՄԿ բժիշկը խիստ կասկածներ է հայտնել, որ Կարեն Ղազարյանը տառապում է որևէ հոգեկան հիվանդությամբ՝ նշելով, որ նա լիովին առողջ է և որևէ դեղամիջոցի կարիք չունի։
Դրանից հետո մի քանի անգամ Կարենի ծնողները դիմել են ԿԽՄԿ-ին՝ իրենց որդու առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանալու և մտահոգություն հայտնելու համար:
2019թ. փետրվարի 27-ին Կարեն Ղազարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի տարածքում դիվերսիոն և ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մեղադրանքով:
Նույն տարվա մայիսի 8-ին ԿԽՄԿ-ի բժիշկն ասել է Կարենի ծնողներին, որ իրենց որդու հոգեկան վիճակն անհանգստացնող է։ Բժիշկը հայտարարել է, որ թեև Կարեն Ղազարյանը մնացել է ադրբեջանցի բժիշկների հսկողության տակ, սակայն նրա բուժումը փաստագրված չէ։ Ըստ այդմ՝ բժիշկը դիմել է Ադրբեջանի առողջապահության նախարարություն՝ նոր հետազոտություն անցկացնելու համար։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որով նախատեսվում էր նաև գերիների փոխանակում: 2020թ. դեկտեմբերի 14-ին Կարեն Ղազարյանն այլ հայ գերիների հետ տեղափոխվել է Հայաստան։
Հաջորդ օրն իսկ Կարեն Ղազարյանը տեղափոխվել է Ավանի հոգեկան առողջության կենտրոն՝ բժշկական զննման և բուժման նպատակով։ Նրա պահվածքը գոհացուցիչ չի եղել: Նա ի վիճակի չի եղել վերահսկել իր վարքը կամ համակարգել շարժումն ու խոսքը։
ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կառավարությունը հայտնել է, որ Կարեն Ղազարյանը չի ենթարկվել որևէ բարոյական կամ ֆիզիկական ճնշման բանտարկյալների կամ բանտի ղեկավարության, բժիշկների կամ աշխատակիցների կողմից, չի ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի:
Կարեն Ղազարյանի ծնողները պնդել են, որ իրենց որդին գտնվել է խոցելի վիճակում՝ առանց արտաքին աշխարհի հետ կապ ունենալու: Չի ապահովվել մարդու իրավունքների երաշխիքներով, քանի որ Ադրբեջանի իշխանությունները նրան համարել են ռազմագերի: Նա պահվել է թշնամական և խտրական միջավայրում՝ իր ազգային պատկանելության համար։
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ փաստական տվյալներից չի երևում, որ Կարեն Ղազարյանը պատշաճ կերպով պաշտպանված է եղել կամայական կալանքից, քանի որ Ադրբեջանի կառավարությունը դատարանին չի տրամադրել որևէ տեղեկություն, որը թույլ կտար դա ստուգել: Եղածը բավարար է եզրակացնելու, որ Կարեն Ղազարյանի կալանքը չի ապահովվել համապատասխան իրավական երաշխիքներով, հետևաբար տեղի է ունեցել ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, իսկ մեկուսարանում չհիմնավորված երկարատև պահելը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների արգելքի իրավունքի խախտման:
Նշենք, որ Կարենի ծնողների ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն էր:
Hetq.am