62 600 000 ՀՀ դրամ է փոխանցվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց: Այս մասին տեղեկանում ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության ֆեյսբուքյան էջից։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ»,-ասված է հաղորդագրությունում։
Հայկական կարմիր խաչից հայտնում են, որ նշված գումարի շրջանակներում նախատեսվում է 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։
Նշվում է նաև, որ հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ կտրամադրի համայնքում տեղավորված տեղահանված անձանց։