Սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությանը 73 երկրների 400 մարզիկներ են մասնակցել:
Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունը, որում Հայաստանը 5 ներկայացուցիչ է ունեցել:
Մեր մարզիկների ելույթներին մրցավայրից հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
Հայաստանի հավաքականի անդամ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հոկտեմբերի 8-ին հանդես է եկել հենացատկի եզրափակչում և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ հավաքելով 14.549 միավոր: Դավթյանն ԱԱ-ին մասնակցել է ոտքի վնասվածքով:
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն ավելի վաղ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին՝ նվաճելով անվանական ուղեգիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 14.433 միավորով:
Մեդալ նվաճելուն մոտ է եղել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որը հանդես է եկել նժույգթափեր վարժության եզրափակչում և հավաքելով 14.600 միավոր՝ զբաղեցրել է 4-րդ տեղը:
Աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը: Նժույգթափեր վարժության որակավորման փուլում նա զբաղեցրել է 9-րդ տեղը:
Հայ մարմնամարզիկներն ԱԱ-ին մասնակցել են մարզիչներ Հակոբ Սերոբյանի, Հայկ Նազարյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ:
Սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությանը 73 երկրների 400 մարզիկներ են մասնակցել: