Հիմա արցախցիների մեծ մասը քաղաքի հյուրանոցներում է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 2 հազար անձ ժամանակավոր կացարան է ստացել Գորիսում, չնայած հաշվառումը դեռեւս շարունակվում է։ Առաջին օրերին որոշ ընտանիքներ՝ Սյունիքի սահմանամերձ լինելու պատճառով, լքել էին մարզը, հիմա նրանց մի մասը կրկին վերադառնում է Գորիս։ Սակայն մարզում շատերին տեղավորելու հնարավորություն չունեն, քանի որ Գորիսի բնակֆոնդը 2020-ի պատերազմից հետո, կարելի է ասել, ամբողջովին սպառվել է, եւ նոր տեղահանվածներին՝ մեծ ցանկության դեպքում էլ, հնարավոր չի լինի հիմնական կացարաններով ապահովել։
Հիմա արցախցիների մեծ մասը քաղաքի հյուրանոցներում է։ Թե ինչքան ժամանակ հյուրանոցների սեփականատերերը կհանդուրժեն փախստականներին, եւ որքան ժամանակ բիզնես օբյեկտները որպես սոցիալական կացարաններ կծառայեն՝ որքան կարող է պետությունը դոտացիա տրամադրել, քաղաքային իշխանությունները տեղյակ չեն։
Հատկապես ծանր է թոշակառուների վիճակը՝ պետության տրամադրած 40 հազարական դրամներով անգամ բնակարան վարձել չեն կարող, ուր մնաց՝ ապրել, իսկ առջեւում ձմեռ է։ Մեր աղբյուրի կարծիքով, նման սոցիալական խմբերին պետությունը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի»։
Մանրամասները՝ այստեղ։