Դատախազը միջնորդագիր է ուղարկել Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարան՝ Թ.Հ.-ի հետ պայմանագրերը լուծելու և կապի օպերատորի հետ համայնքի անունից նոր պայմանագիր կնքելու նպատակով։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ Տ.Մ.-ն, 2006 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Սերս համայնքի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի հուլիսի 6-ին, գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող՝ 0,2 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3.000 դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով տրամադրել է Արարատ քաղաքի բնակիչ Թ.Հ.-ին: Թ.Հ.-ն ալեհավաք կայան տեղադրելու նպատակով ենթավարձակալության պայմանագիր է կնքել «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ կապի օպերատորի հետ և մինչև Սերս համայնքի ղեկավար Տ.Մ.-ի պաշտոնավարման ավարտը՝ կապի օպերատորից ստացել 3 մլն 840 հազար դրամ շահույթ, որից Սերս համայնքի բյուջե վճարվել է ընդամենը 18 հազար դրամը:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համայնքի նախկին ղեկավար Տ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Դատախազը միջնորդագիր է ուղարկել Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարան՝ Թ.Հ.-ի հետ պայմանագրերը լուծելու և կապի օպերատորի հետ համայնքի անունից նոր պայմանագիր կնքելու նպատակով։
Ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի կողմից Սերս համայնքի և Թ.Հ.-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը լուծվել է. միջոցներ են ձեռնարկվել համայնքապետարանի և «Յուքոմ» ՓԲ ընկերության միջև նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: