Մարությանը վերցրել է մանդատը

Մարությանը նշել է, որ մասնակցելու են նիստերին։

Հայկ Մարությանն այս պահի դրությամբ վերցրել է մանդատը: Այս մասին ArmLur–ի հետ զրույցում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ նշելով, որ գնալու և մասնակցելու են ավագանու նիստերին։

-Պարո՛ն Գրիգորյան, փաստացի, Ձեր բոյկոտը որևէ արդյունք չտվեց, ավագանին Տիգրան Ավինյանին ընտրեց քաղաքապետ՝ անգամ ձեր բացակայության պայմաններում: Չե՞ք կարծում, որ ձեր բոյկոտն անիմաստ էր, և պետք էր այլ քայլեր մտածել՝ իշխանության վերարտադրումը կանխելու համար:

-Վերարտադրումը կանխելու համար բանակցություններ եղան մյուս ուժերի հետ, բայց դա չստացվեց, հաջորդ տարբերակը բոյկոտն էր: Եթե բոլորը միանային բոյկոտին, նաև «Հանրային ձայնը», կլինեին նոր ընտրություններ, բայց դա տեղի չունեցավ: Սա, սակայն, չի նշանակում, թե բոկոտը սխալ էր: Երեք ուժերի մեջ չեղավ համաձայնություն, մեզ մնում էր բոյկոտը միայն:

-Պարո՛ն Գրիգորյան, նրանք էլ ասում են, որ Հայկ Մարությանը տապալեց բանակցությունները և նրա պատճառով է, որ ընդդիմադիր ուժերի մեջ համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց:

-Դա այդքան էլ այդպես չի, սա մեկնաբանության կարիք չունի: Դուք տեսել եք, թե իրենք ի՞նչ են առաջարկել, մենք ինչ ենք պատասխանել: Առնվազն 4 կամ 5 անգամ հանրային ձևով դա արվել է: Հիմա էլ հետ գնալ պետք չի, փաստացի, չի հաջողվել համաձայնության գալ ու եղել է այս վիճակը:

-Ավագանու հաջորդ նիստը նոյեմբերին է նշանակված, գնալու՞ եք, մասնակցելու՞ եք ավագանու նիստերին:

-Իհարկե գալու ենք, մասնակցելու ենք նիստերին։

-Հայկ Մարությանն ի՞նչ որոշում ունի, վերցնելու՞ է մանդատը, աշխատելու՞ է Տիգրան Ավինյանի հետ:

-Այս պահի դրությամբ վերցրել է մանդատն արդեն, ավագանու այսօրվա նիստին հրապարակվեց ավագանու անդամների անունները, այդ թվում՝ նրա: Իսկ, թե հետո ի՞նչ կլինի, որոշում կփոխի՞, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել:

Չնայած որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն ընդամենը 33% ձայն էր հավաքել, այսօր ավագանու ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների ձայներով ընտրվեց քաղաքապետ:

Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը եկավ և քվորում ապահովեց, բայց դեմ էր քվեարկել Տիգրան Ավինյանի թեկնածությանը:

Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտել էին նիստը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print