«Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը չեն օգնում իսրայելցիների և պաղեստինցիների միջև հակամարտության լուծմանը, այլ բորբոքում են ատելությունը, բռնությունը և վրեժխնդրությունը՝ տառապանք պատճառելով երկու կողմերին»։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում՝ հայտարարելով, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն: Միևնույն ժամանակ նա ասել է, որ բռնությունը չի կարող օգնել արդարության վրա հիմնված կայուն խաղաղության հասնելուն: Այս մասին հայտնում է vaticannews.va-ն:
Չորեքշաբթի Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր «վիշտն ու անհանգստությունն» է հայտնել Իսրայելի և Պաղեստինում գործող զինյալ խմբավորման՝ ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված պատերազմի համար:
Պոնտիֆիկոսն ասել է, որ սգում է բազմաթիվ զոհվածների և վիրավորների համար:
«Խնդրում եմ անհապաղ ազատ արձակել պատանդներին», – հավելել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր կոչում խոստովանել է, որ «հարձակման ենթարկվածները պաշտանվելու իրավունք ունեն»:
Նա նաև մտահոգություն է հայտնել «Գազայում պաղեստինցիների ամբողջական պաշարման առնչությամբ՝ ընդգծելով, որ, այնտեղ նույնպես շատ անմեղ զոհեր են եղել»:
«Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը չեն օգնում իսրայելցիների և պաղեստինցիների միջև հակամարտության լուծմանը, այլ բորբոքում են ատելությունը, բռնությունը և վրեժխնդրությունը՝ տառապանք պատճառելով երկու կողմերին»,- ասել է նա։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մերձավոր Արևելքում խաղաղության կոչն ավարտել է եղբայրության և երկխոսության կոչով։
«Մերձավոր Արևելքին պետք է ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն՝ արդարության, երկխոսության և եղբայրության քաջության վրա հիմնված խաղաղություն», – ասել է նա: