Վայոց ձորի մարզպետն ընդունել է Իրանի հյուպատոսին

Անդրադարձ է կատարվել նաև մարզի համար 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։

Հոկտեմբերի 10-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթելլա Աբեդին Վարամինին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից:

«Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ Վայոց ձորը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։ Դրա մասին վկայում է դեռևս 2010թ․ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ կուսակալության հետ կնքված հուշագիրը և հաջորդող համագործակցությունը։

Գլխավոր հյուպատոս Մորթելլա Աբեդին Վարամինն իր խոսքում նշեց, որ գոյություն ունեցող բարեկամության և կատարված աշխատանքների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։ Ընդգծվել են նաև կրթության և մշակույթի ոլորտները՝ դիտարկելով մարզում շախմատի մրցաշարի անցկացման, լեզվի ուսուցման և բարձրագույն և ոչ ֆորմալ կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Մարզպետ Արարատ Գրիգորյանը իրանական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով մարզում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերը։

Անդրադարձ է կատարվել նաև մարզի համար 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։

Կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով կողմերն այցելեցին մարզի «Սյունիք զարգացում» ՀԿ, որտեղ հանդիպեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ։ Հյուրերին ներկայացվեց հասարակական կազմակերպության կողմից մարզում իրականացվող լայնածավալ գործունեությունը ինչպես կրթության, այնպես էլ գյուղատնտեսության և բարեգործական ոլորտներում՝ անդրադարձ կատարելով համագործակցության հնարավոր ուղղություններին։

Այցի շրջանակներում կողմերն այցելել են բացառիկ ցուցանմուշներով և հարուստ ժառանգությամբ հայտնի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որտեղ հյուրերին ներկայացվել են թանգարանի կողմից իրականցվող նորարարական ծրագրերը և այդ ոլորտում արձանագրված հաջողությունները։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ Իրանի գլխավոր հյուպատոսի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր, խոստումնալից հնարավորությունների սկիզբ, և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»,- նշված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print