Արծվաշենի մասին մի մոռացեք․ այն և մեծ է, և իրավական հիմք ունի․ Սանոսյան

ՏԿԵ նախարարը նշել է, որ երբ մեկնարկի սահմանագծման  և սահմանազատման գործընթացը, անկլավների հետ կապված բոլոր հարցերն այդ շրջանակում կլուծվեն։

Ամեն քարտեզ չէ, որ ընդունելի է, որովհետև դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզն իր իրավական հիմքերով բոլորովին այլ բան է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Սանոսյանը հայտարարել է, թե անկլավների խնդիրը որքան բարդ է թվում, այնքան էլ պարզ է, քանի որ կան քարտեզներ և դրանց համար իրավական հիմքեր։

Ըստ Սանոսյանի, անկլավ կոչվող տարածքը նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա. «Երբ ենթադրյալ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի արդյունքում սահմանները կհստակեցվեն բոլոր առումներով։ Ոչ թե պետք է բառերին նայել, այլ իրավական փաստաթղթերին։ Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին, որն իր չափերով մեծ է ու իրավական կարգավորումներով հիմնավորված է։ Երբ մեկնարկի սահմանագծման  և սահմանազատման գործընթացը, անկլավների հետ կապված բոլոր հարցերն այդ շրջանակում կլուծվեն»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print