Հայտարարությունում մասնակիցներն իրենց անհանգստությունն են հայտնում Գազայի հատվածում սպասվող հումանիտար աղետի կապակցությամբ,։
Բիշքեկում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել պաղեստինա-իսրայելական հակամարտության տարածքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:
Դրանում, մասնավորապես, մտահոգություններ են արտահայտվում ռազմական գործողությունների լայնածավալ սրման առնչությամբ, ինչը երկու կողմից հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի, դատապարտվում են ծայրահեղականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում, պատանդ վերցնելն ու քաղաքացիական անձանց նկատմամբ բռնի այլ գործողությունները:
Հայտարարությունում մասնակիցներն իրենց անհանգստությունն են հայտնում Գազայի հատվածում սպասվող հումանիտար աղետի կապակցությամբ, շեշտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան գործելու և բոլոր կարիքավորներին անհրաժեշտ աջակցության տրամադրելու անհրաժեշտությունը:
Կողմերին կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել կայուն զինադադար և բացել մարդասիրական միջանցքները խաղաղ բնակչության համար:
Փաստաթղթում ընդգծվում է միջազգային իրավական հիմքի վրա Մերձավոր Արևելքում համապարփակ, արդար և հարատև խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը, ներառյալ ՄԱԿ-ի համապատասխան որոշումներն ու Արաբական խաղաղության նախաձեռնությունը:
Հայտարարությանը միացել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ռուսաստանն ու Ուզբեկստանը, չի միացել Ադրբեջանը: