Պուտինը հաջորդ տարի Գյումրիում ԱՊՀ խաղերի հաջող անցկացման հույս էր հայտնել:
Հայաստանը 2024 թվականին կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, իսկ Գյումրին հռչակված է ԱՊՀ սպորտային մայրաքաղաք:
Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որով վերջինը հաջորդ տարի Գյումրիում ԱՊՀ խաղերի հաջող անցկացման հույս էր հայտնել:
«Ինֆորմացիան սխալ է. 2025 թվականի ԱՊՀ խաղերն ընդունելու է Ադրբեջանը: Գյումրին հայտարարված է 2024 թվականի ԱՊՀ սպորտային մայրաքաղաք: Սպորտի հանձնաժողովի նախագահ մեկ տարով ընտրված եմ ես: Գյումրիում կկայանա ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ֆորումը, բայց մեր հյուրերը կլինեն նաև Ծաղկաձորում և Երևանում:
ԱՊՀ երկրները համաժողովին ներկայացված կլինեն նախարարի կամ փոխնախարարի մակարդակով: Այնպես, ինչպես անցած տարի Հայաստանը մասնակցել է Տաշքենդում կայացած նման համաժողովի»,-ասաց նա: