Հայաստանում սեփականություն չունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճարի և կոմունալ ծախսերի փոխհատուցում։
Հումանիտար կենտրոնում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ամփոփել է անցած շաբաթ ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական հարցերի լուծմանն ուղղված Կառավարության աշխատանքը:
Ըստ Բաղդասարյանի՝ Կառավարության նախորդ նիստում ընդունված կարևոր որոշումներից է վարձակալության գումարի չափի հաստատումը. այն տրվում է 6 ամսով՝ հոկտեմբերից մինչև մարտ ներառյալ: Յուրաքանչյուր անձին կտրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ որպես կոմունալ վճար:
Վարձավճարների գումարները հատկացվում են սեփականություն չունեցող անձանց: Ծրագրի շահառու չեն հանդիսանա նաև պետական հոգածության կենտրոններում և պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինություններում բնակվողները: Սեփականություն ունեցող անձանց պետությունը կհատկացնի միայն կոմունալ վճարի գումարը: