Իշխող կուսակցությունը պնդում է, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ արտասահման մեկնելով առանց կառավարության թույլտվության:
Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:
Խորհրդարանի պատգամավորների՝ նախագահի իմփիչմենթի վերաբերյալ սահմանադրական հայցը պաշտպանել է Սահմանադրական դատարանի վեց անդամ, երեքը դեմ է հանդես եկել։ Այժմ խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քննարկի և քվեարկի նախագահին իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու հարցով։
Իմփիչմենթի որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրաբար, իշխող կուսակցությունը չի կարողանա հեռացնել Զուրաբիշվիլիին պաշտոնից։
Ավելի վաղ Սահմանադրական դատարանում այս գործով լսումներ էին։ 80 պատգամավորի կողմից ստորագրված իմփիչմենթի միջնորդությունը դատարանում ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, այդ թվում՝ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ արտասահման մեկնելով առանց կառավարության թույլտվության: Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը «կառավարության համաձայնությամբ իրականացնում է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերություններում, բանակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ»։ Զուրաբիշվիլին, մասնավորապես, հանդիպել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ։