Այս պահին պաղեստինյան կողմի առաջնահերթությունը Գազայի հատվածի դեմ ագրեսիայի դադարեցումն է։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները ձեռք չեն բերեն իրենց անկախ երկիրը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով։ Նման հայտարարություն է արել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի խորհրդական Մահմուդ ալ Հաբաշը, գրում է РИА Новости-ն։
Ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը, այս պահին պաղեստինյան կողմի առաջնահերթությունը Գազայի հատվածի դեմ ագրեսիայի դադարեցումն է։ Նա նշել է, որ ղեկավարությունը ձգտում է կասեցնել արյունահեղությունը, ինչպես նաև սկսել բանակցություններ, «որոնք կհանգեցնեն օկուպացիայի դադարեցմանը»։ Նա նշել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առճակատման ներկա փուլը կավարտվի։
«Եթե օկուպացիան շարունակվի, պետք է սպասել ևս մեկ փուլի, հնարավոր է նաև՝ այլ փուլերի, որոնք կարող են ավելի դաժան լինել, քանի որ, ինչպես ասացի, խնդիրն օկուպացիայի առկայությունն է»,- ասել է նա։
Ավելի վաղ Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել էր, որ Իսրայելի հետ խաղաղ գործընթաց հնարավոր է երկու պետությունների սկզբունքի պայմաններում։