Առաջիկա ժամերին հնարավոր է ցանկացած կանխարգելիչ միջոց. Աբդոլլահիան

Ինչպես նշել է նախարարը, Իրանը չի կարող անտարբեր մնալ «Գազայի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների» նկատմամբ։

Դիմադրության ճակատի առաջնորդները թույլ չեն տա, որ Իսրայելը տարածաշրջանում իր ուզած գործողություններն իրականացնի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հավելելով, որ առաջիկա ժամերին դիմադրության ճակատի կողմից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Աբդոլլահիանը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի դիմադրության ճակատ ասելով, սակայն այդ տերմինը կարող է վերաբերել Իրանի, պաղեստինյան զինյալների, Սիրիայի, լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման և այլ խմբավորումների միջև դաշինքին, նկատում է sky.com-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարն այս համատեքստում անդրադարձել է դիմադրության ճակատի առաջնորդների, այդ թվում՝ Լիբանանի «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի հետ վերջին օրերին իր հանդիպումներին:

««Հըզբոլլահ» կուսակցության ղեկավարության առջև դրված են բոլոր հնարավոր տարբերակներն ու սցենարները։ Նրանց հաշվարկներում ամեն ինչ ճիշտ է հաշվի առնվել, և դիմադրության առաջնորդները թույլ չեն տա սիոնիստական ռեժիմին որևէ քայլ ձեռնարկել տարածաշրջանում։ Առաջիկա ժամերին հնարավոր է ցանկացած կանխարգելիչ միջոց»,- ասել է Աբդոլլահյանը։

Նրա խոսքով՝ դիմադրության ճակատի բոլոր առաջնորդները հնարավորություն կտան հասնելու քաղաքական լուծման, սակայն «ցանկացած գործողություն հնարավոր է», եթե խաղաղ բնակչության դեմ Իսրայելի հանցագործությունները շարունակվեն:

«Մենք փորձում ենք չընդլայնել պատերազմի շրջանակը, սակայն դիմադրության ճակատը կփոխի Իսրայելի աշխարհագրական քարտեզը, եթե Իսրայելի հանցագործությունները շարունակվեն»,- հավելել է նա։

Անդրադառնալով որոշ իսլամական երկրների գործընկերների հետ իր հեռախոսազրույցներին՝ Աբդոլլահիանն ասել է, որ իրենք եկել են այն եզրակացության, որ «եթե ՄԱԿ-ի ունեցած սահմանափակ հնարավորությունները չօգտագործվեն, ռեժիմի դեմ նոր ճակատներ բացելու հնարավորությունն անխուսափելի է»։

Ինչպես նշել է նախարարը, Իրանը չի կարող անտարբեր մնալ «Գազայի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների» նկատմամբ և, դիմելով ԱՄՆ-ին, կոչ է արել դադարեցնել ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ՝ «երեսպաշտական ուղերձներ» ուղարկելու փոխարեն։

Խոսելով ռազմական հակամարտության մեջ Իրանի մտնելու հավանականության մասին՝ արտգործնախարարը նշել է, որ «ցանկացած հնարավորություն կարելի է պատկերացնել»։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները Գազայի հատվածից սկսել են «Ալ-Աքսա փոթորիկ» զանգվածային օպերացիան ընդդեմ Իսրայելի։ Գործողությունը համարվում է աննախադեպ Իսրայելի 75-ամյա պատմության մեջ։ Երկու կողմից կան հազարավոր զոհեր ու վիրավորներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print