«Այսօրվա իրադարձությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին»:
Այսօրվա ելույթում ցանկանում եմ շեշտը դնել առավելապես Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորությունների վրա: Այդ մասին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա իրադարձությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին: Կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա, և ժողովրդավարությունը մեզ համար՝ Հայաստանի Հանրապետության համար, ռազմավարական ընտրություն է և ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն: Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ և չենք ուզում դա որևէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ, և, այս առումով, կարծում եմ՝ հենման կետերը քիչ չեն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի Կառավարությունը հանձնառու է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը: «Վստահ եմ, որ ԵՄ-ը և Հայաստանը չեն սպառել համագործակցությունը որակական նոր բովանդակությամբ համալրելու, այն ընդլայնելու և նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները. այսօր կխոսեմ նաև այդ մասին»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում ավելացել է նաև անվտանգային բաղադրիչ՝ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիթորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով:
«Եվրոպական քաղաքական համայնքի, Գրանադայի գագաթնաժողովի և այսօրվա քննարկումների և Ձեր հայտարարության արդյունքում ակնհայտ է, որ ԵՄ ինստիտուտների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս»,- դիմելով Ռոբերտա Մեցոլային՝ ասաց ՀՀ վարչապետը: