Արտերկրում իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի:
Իսրայելը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին այդ երկիրը շտապ լքելու կոչ է արել։ Հայտարարությունը TACC գործակալության փոխանցմամբ տարածել է Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը։
«Արտերկրում իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ հեռանան այդ երկրից»,- ասված է իսրայելական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, Մարոկկոյում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն Իսրայելի կողմից բարձրացվել էր մինչև 2-րդ մակարդակ։ Ըստ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի մեկ այլ հայտարարության՝ այդ երկրում գտնվող իսրայելցիները պետք է ձեռնարկեն նախազգուշական միջոցներ։
Հոկտեմբերի 8-ին հրապարակված մեկ այլ հայտարարության մեջ էլ Իսրայելի քաղաքացիներին կոչ էր արվում չմեկնել Մերձավոր Արևելքի երկրներ ու հրատապ լքել Սինայի թերակղզին։