Վրաստանի խորհրդարանն այսօր քննարկում է Զուրաբիշվիլուն իմփիչմենթի ենթարկելու հարցը

Վրաստանի նախագահը ԵՄ-ին կոչ է արել չլքել Վրաստանը՝ չնայած իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ իրեն իմփիչմենթի ենթարկելու փորձին։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին:

Վրաստանի Սահմանադրական դատարանն ընդունել էր, որ Զուրաբիշվիլին խախտել է օրենքը՝ արտերկիր մեկնելով հակառակ կառավարության արգելքին, ինչն էլ թույլ է տալիս սկսել նախագահի իմփիչմենթի գործընթացը։ Հայցը ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Դատարանի որոշումը պետք է հաստատի խորհրդարանը 150 պատգամավորից 100-ի ձայնով, այդ դեպքում նախագահն իմփիչմենթի կարգով կհամարվի պաշտոնից հեռացված:

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը, իշխող կուսակցության նախաձեռնությունն անվանել են կրկեսային շոու ​​և Վրաստանի ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրները կոծկելու փորձ։

Խորհրդարանի նիստին մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և իր դեմ սկսված գործընթացը համարել է ֆարս, իսկ Սահմանադրության խախտման մեղադրանքները՝ անհիմն։

«Այս իմփիչմենթի գործընթացով դուք ոչ թե ինձ եք վնասում, այլ երկրին»,- ասել է նախագահը, իսկ իշխող կուսակցությանը մեղադրել Վրաստանի քաղաքական կուրսը փոխելու համար։

Վրաստանի նախագահը ԵՄ-ին կոչ է արել չլքել Վրաստանը՝ չնայած իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ իրեն իմփիչմենթի ենթարկելու փորձին։

«Ես դիմում եմ մեր գործընկերներին վրաց ժողովրդի անունից՝ Վրաստանին տրամադրել թեկնածուի կարգավիճակ Եվրամիությանն անդամակցելու համար: Չպետք է թույլ տալ Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում փափուկ ուժի, անուղղակի օկուպացիայի կամ Սև ծովի ապակայունացման միջոցով»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի խորհրդարանում այսօր սպասվում է նախագահի իմփիչմենթի քվեարկություն: Միաժամանակ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն գրեթե անհնար է համարել Զուրաբիշվիլու իմփիչմենթի իրականացումը, քանի որ դրա համար խորհրդարանական մեծամասնությունը պատգամավորների անհրաժեշտ ձայներ չունի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print