Կրակոցների հետևանքով դատախազ չի տուժել։
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:
Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։
«Կատարվում է քննություն։ Մեկ անձ բուժօգնության է դիմել բուժհաստատություն։ Այս պահին ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայրում են, կատարվում են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։ Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանած պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռք բերված տվյալների վերաբերյալ, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հաղորդագրությամբ հանդես կգա»,- ասված է հաղորդագրության մեջ։