Պաշտոնյաները նվերներ ստանալու  իրավունք չունեն և պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի․ Նիկոլ Փաշինյան

Երբ կա հստակ դրված հակակոռուպցիոն քաղաքականություն, բոլորը կենտրոնանում են աշխատանքի վրա, ինչը տալիս է  իր արդյունքները։

Ի սկզբանե քննարկվում էր, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, այսինքն չմնան պաշտոնյային կամ չդառնան պետության սեփականությունը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով  օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:

«Դրա հետ կապված մենք մտածեցինք, որ դրանով պետության պատմությունը ուղղակի ցաքուցրիվ կարող ենք անել։ Բայց մի բան ընդհանուր է՝ մենք մեր հակակոռուպցիոն քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների ու կարգավորումների։

Ընդ որում, շատերը այդ կարգավորումներին նայում են միայն հանրության, թափանցիկության տեսանկյունից, բայց սա կարևոր է նաև պետական պաշտոնյաների պաշտպանվածության առումով։

Լինում են իրավիճակներ, երբ պետական պաշտոնյաները հայտնվում են անհարամար իրավիճակում»,- ասաց Փաշինյանը։

«Զեկույցի մեջ ականջս ծակեց այն, որ պաշտոնյան նվեր ստանալու իրավունք չունի, նախ պետք է սահմանել, թե նվերը ինչ է։ Եթե ինչ-որ մեկը եկավ ու ասաց՝ «ինձ հետ բերել եմ իմ գրած գիրքը և ուզում եմ նվիրեմ», հիմա այդ գիրքը կարելի՞ է վերցնել, թե ոչ։

Շատ նրբություններ կան, որ պրակտիկայում կարգավորվելու են, այդ թվում նվերների օգտագործման  հետ կապված կարգը։ Նույն պետական արարողակարգային նվերները  հիմա էլ մենք օգտագործում ենք։

Մի բան ակնհայտ է՝ պաշտոնյաները նվերներ ստանալու  իրավունք չունեն և պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի: Դա պետք է դառնա սովորական ընկալում։ Մեր միջազգային գործընկերները վերջին իրադարձությունների հետ կապված ասում են՝ «մենք զարմանում ենք, թե ինչպես 100 000 բռնի տեղահանված մարդ եկավ ՀՀ ու դուք կարողացաք կառավարել իրավիճակը»։

Իմ պատասխանը մեկն է, ընդհանրապես նման հումանիտար ճգնաժամերում  ամենաառաջին ակտիվացող էլեմենտը կոռուպցիոն էլեմենտն է։ Երբ կա հստակ դրված հակակոռուպցիոն քաղաքականություն, բոլորը կենտրոնանում են աշխատանքի վրա, ինչը տալիս է  իր արդյունքները»,- ընդգծեց վարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print