Ներկայում անվանական թոշակ է հատկացվում օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից միայն շախմատ մարզաձևի մարզիկներին և նրանց մարզիչներին:
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունված որոշման համաձայն, լրացում և փոփոխություններ կկատարվեն կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները և նրանց մարզիչներին տրամադրվող ամենամսյա անվանական թոշակի հատկացումը:
Նոր լրացման համաձայն՝ ծրագրի շահառուներ կհանդիսանան նաև սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցած հայ մարզիկները: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից:
Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Հայաստանում սամբո մարզաձևի մասսայականացմամբ և հայ սամբիստների ձեռքբերումների գնահատման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ներկայում անվանական թոշակ է հատկացվում օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից միայն շախմատ մարզաձևի մարզիկներին և նրանց մարզիչներին: Սույն որոշման նպատակն է պետական հոգածության ներքո օժանդակել նաև Հայաստանի Հանրապետության հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին:
Որոշման ընդունմամբ՝ ՀՀ պետական բյուջեից վերոնշյալ ծրագրի համար հատկացվող ծախսերը կավելանան տարեկան 87.150.000 դրամով, որից 17.430.000 դրամը՝ հարկերի և պարտադիր այլ վճարների համար: Հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 2022 թվականի մարզական արդյունքները: