Տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1983 թ․) և «Ford» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Շ.-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ Կ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղղել «Ford» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին, այնուհետև իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:



