Նախաքննությունը շարունակվում է:
2023թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:40-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Ս.Վ.-ն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 40 հասցեի մոտ անհայտ անձը հրազենով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինիս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդված 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Նազարբեկյան 40 հասցեում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Աջափնյակ նստավայրի ավտոկայանատեղիում, հայտնաբերվել են արնանման հետքեր, թվով չորս հատ 9մմ տրամաչափի հրազենից կրակված պարկուճներ և մեկ հատ գնդակ:
Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև՝ վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված գնդակը։
Համաձայն «Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ տուժողին պատճառվել է կրծքավանդակի աջ կեսի թափանցող հրազենային վիրավորում՝ մուտքի և ելքի անցքերով, ինչպես նաև՝ աջ արմնկային շրջանի հրազենային վիրավորում:
2023թ. հոկտեմբերի 19-ին մեկ անձ՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.-ն, ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին, հայտնել, որ ինքն է ցանկացել սպանել Ս.Վ.-ին՝ ներկայացնելով հանցագործության գործիք ատրճանակը՝ իր պահունակով:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին Ռ.Փ.-ն, սպանության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Վարույթով նշանակվել է դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ռ.Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-154-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Ռ.Փ.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա 2023թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, քննությամբ դեռևս չպարզված շարժառիթներով նպատակադրվելով ապօրինաբար կյանքից զրկել Ս.Վ.-ին, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի ակոսափող հրազեն և դրանից կրակելու համար նախատեսված թվով 8 փամփուշտ։
Տեղյակ լինելով Ս.Վ.-ի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում քննվող քրեական գործով նշված օրը կայանալիք դատական նիստի մասին՝ նա գնացել և դարանակալել է դատարանի վարչական շենքի մոտակայքում։ Այն բանից հետո, երբ ժամը 14:50–ի սահմաններում, Ս. Վ.-ն քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված անձի հետ գնացել է հիշյալ դատարանի նստավայրի ավտոկայանատեղի, Ռ.Փ.-ն մոտեցել է վերջինիս և ապօրինի ձեռք բերված ու ապօրինի կերպով կրած նշված հրազենով թվով չորս կրակոց է արձակել Ս.Վ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Ս.Վ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բուժօգնություն և հնարավոր է դարձել փրկել նրա կյանքը:
Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
2023 թվականի հոկտեմբերի 21-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է: