Իրանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Ռայիսին` Բայրամովին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով քննարկումները կդառնան տարածաշրջանային կառուցողական համագործակցության ամրապնդման աղբյուր։

«Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Իրանը, որպես տարածաշրջանի երկրներից մեկը, հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը»,- ասել է Ռայիսին։

Հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին։

«Ադրբեջանը պաշտպանում է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջամտությունը տարածաշրջանում թույլ չտալու վերաբերյալ:

Այս առումով Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման անցկացումը գնահատվում է օգտակար, դրական և կառուցողական։

Վերջին ամիսներին զգալի առաջընթաց է գրանցվել երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավման ուղղությամբ»,- ասել է նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print