Մոլդովայում 22 ռուսալեզու լրատվամիջոց է արգելափակվել

Մոսկվան այդ քայլը թշնամական է համարում։

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունն այսօր որոշել է ավելի քան 20 ռուսալեզու լրատվամիջոց արգելափակել «ապատեղեկատվության դեմ պայքարի» պատրվակով, ինչին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտնելով, որ Մոսկվան այդ քայլը թշնամական է համարում։

«Ռուսաստանի նկատմամբ այս բացահայտ թշնամական քայլը պաշտոնական Քիշնևի որդեգրած հակառուսական կուրսի հերթական դրսևորումն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ միջնաժամկետ հեռանկարում Մոլդովան ցանկանում է հասնել ռուսալեզու լրատվամիջոցների դուրսբերմանը երկրի տեղեկատվական տարածությունից։ Միևնույն ժամանակ, ըստ դիվանագետի, Քիշնևի ամենամեծ նպատակն է արմատախիլ անել այլախոհության և իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնության բոլոր դրսևորումները։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ 22 լրատվական պորտալի արգելափակման որոշումն ընդունվել է Մոլդովայում կայանալիք ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ սա տեղի է ունեցել գործող իշխանությունների թեկնածուների ցածր վարկանիշի ֆոնին, և այս կերպ Քիշնևը, անհիմն մեղադրելով Մոսկվային ընտրություններին միջամտելու մեջ, ցանկանում է բարելավել թեկնածուների դիրքերը։

Դիվանագետը հավելել է, որ լրատվամիջոցներին հասանելիության զանգվածային արգելափակումը խոսքի ազատության և մոլդովացիների՝ ռուսերենով տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print