Առաքելությունը կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբեր:
Մեր առաքելությունը ներառում է 103 մարդ. Մեր խնդիրն է դառնալ ԵՄ-ի աչքն ու ականջը տարածաշրջանում։ Այս մասին APRI Armenia վերլուծական կենտրոնի «Առաջընթաց անորոշության պայմաններում» համաժողովում ասաց Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը։
Նրա խոսքով՝ դիտորդների թվում զինվորականներ չկան, սակայն կան նախկին ոստիկաններ ու նախկին սահմանապահներ։
«ԵՄ 27 երկրներից առաքելության կազմում ընդգրկված են 24 երկրների ներկայացուցիչներ։ Հուսով ենք մյուսները կմիանան, թափուր աշխատատեղեր կան։ Առաքելությունը, հիմնվելով գործող պայմանավորվածությունների վրա, կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբեր:
Մենք նաև տեղեկացնում ենք Բաքվին մեր գործունեության մասին՝ թյուրիմացություններից խուսափելու համար։ Բայց մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, այլ միայն ԵՄ կենտրոնակայանին»,- հավելեց նա։
ԵՄ ներկայացուցիչն ընդգծեց, որ սեպտեմբերյան իրադարձություններից հետո քննարկումներ են եղել մոնիտորինգային առաքելության մասին, սակայն այս հարցը Բրյուսելին պետք է ուղղել այնպես, ինչպես այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կարող է միանալ առաքելությանը։