Այս պահին հայտնաբերված գանգերը և ոսկորները գտնվում են ոստիկանությունում։
Շիրակի մարզի Ազատան-Բենիամին հատվածի «հյուսիս-հարավ» 112 կմ հատվածի ճանապարհաշինության ժամանակ hոկտեմբերի 21-ին հայտնաբերված մարդկային ոսկորներն ամենայն հավանականությամբ 19-րդ դարի են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանը։
Նրա կարծիքով՝ այդ ոսկորները ռուս-պարսկական պատերազմի շրջանից են․ «Դրանք այդքան էլ ուշ շրջանի գանգեր չեն։ Ոսկորները հայտնաբերվել են Ազատան գյուղի մոտ։ 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմի շրջանից են, հայտնի է որ դրանից հետո 1826 թվականին պարսիկները գրոհել էին այդ գյուղի վրա։ Մենք կարծում ենք՝ հայտնաբերված ոսկորները 19-րդ դարի անցքերից մնացած հետքերն են»։
Գիտաշխատողը նշեց, որ ոսկորների ձևն ու պահպանվածության աստիճանն են ցույց տալիս, թե որ դարաշրջանի են պատկանում դրանք․ «Ինքը շատ հին չէ, քանի որ հին ոսկորներն ավելի են պնդանում»։
Նա ասաց, որ հայտնաբերված ոսկորները պատկանում էին երկու մարդու․ «Ոսկորները խառը վիճակում էին, բայց երկու գանգ հաստատ կար»։
Արթուր Պետրոսյանը պատմեց, որ ոսկորները մեկ անգամ հանվել և նորից թաղվել են․ «Ժամանակին այդ հատվածում խողովակ էր անցկացվել։ Դա անցկացնելիս արդեն իսկ ոսկորները տեսել են, հանել նորից թաղել էին»։
Պետրոսյանն ընդգծեց, որ ոսկորները հնագիտական արժեք չեն ներկայացնում։
Նշենք, որ այս պահին հայտնաբերված գանգերը և ոսկորները գտնվում են ոստիկանությունում։
Արթուր Պետրոսյանն ասաց, որ ճանապարհի այն հատվածները, որտեղ շինաշխատանքներ իրականացնելիս նմանատիպ դեպքեր են արձանագրվում, հնագետները խնդրել են՝ տեղեկացնել իրենց․ «Մինչև մեզ հասնելը արդեն ոստիկանություն էին զանգել, նրանք էլ տարել էին ոսկորները։ Շիրակի թանգարանի մեր աշխատակիցները, որ գնացել էին այնտեղ, իրենց ընդհանրապես մոտ չէին թողել»։
NEWS.am-ի հետ զրույցում Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանն էլ ասաց, որ երբ ինքը հասել է դեպքի վայր, իրավապահներն արդեն այնտեղ էին և ոսկորները տեղափոխում էին բաժանմունք։ Նա նաև հիշեցրեց, որ դեպքի վայրից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա՝ Բենիամին գյուղի տարածքում մոտ 2 տարի առաջ նմանատիպ դեպք էր գրանցվել․ հնագետները գտել էին դամբարան։