Բռնի տեղահանված արցախցիներին կտրամադրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ

Մարդիկ, այդ կարգավիճակն ունենալով, իրավունք ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով և պարտականություններով։

Կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ կվերցվեն հետևյալ անձինք. Արցախի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ն, և 3-րդ խումբն այն անձինք են, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ-ի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվել են ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

«Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»,- ասաց Գրիգոր Մինասյանը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ մարդիկ, այդ կարգավիճակն ունենալով, իրավունք ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով և պարտականություններով, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու, բայց նաև, օրինակ, քաղաքացի դառնալով, կենսաթոշակ ստանալով՝ փախստականին տրամադրվող սոցիալական աջակցությունը տեղին չի լինի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print