Պատճառը ԶԼՄ–ներում ռուսական ղեկավարության, ռուս դիվանագետների և զինվորականների մասին հրապարակումներն են։
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ նրան մատնանշել են «հայկական ԶԼՄ-ներում օդիոզ հրապարակումները Ռուսաստանի Դաշնության դեմ»։
«Հոկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Հայաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը, որի ուշադրությանն են ներկայացվել ամենաօդիոզ հրապարակումները Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին, որոնք վտանգում և զոհում են իրենց կյանքը, այդ թվում՝ հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության: Մատնանշվել է հանրապետության տեղեկատվական դաշտում անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը», – ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն։ Պատճառը Ռուսաստանի Առաջին ալիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ցուցադրված հաղորդումն էր, որը պարունակում է վիրավորական և միանգամայն անընդունելի հայտարարություններ: Կոպիրկինին տրվել է բողոքի նոտա։