Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991-ին Ալմա Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա:
Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել առկա հնարավորություններից, բայց պետք է կարողանանք համարժեք գնահատել տարածաշրջանային ընդհանուր զարգացումները, որոնք իրենց հերթին էական ազդեցություն ունեն տարածաշրջանի ընդհանուր անվտանգային իրադրության և կայունության վրա: Այդ մասին ԱԳՆ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսքն ուղղելով Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
«Վստահ եմ, որ Հունգարիան՝ որպես ԵՄ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև այլատյաց քաղաքականության բացառումը, քանզի մենք արդեն ականատես ենք եղել նման դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ ԼՂ-ում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100 հազար հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին ԼՂ-ից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել ՀՀ-ում:
Ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն և գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից: Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991-ին Ալմա Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա: Պատահական չէ, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, որին մենք ակնկալում ենք նաև մյուս միջազգային գործընկերների գործնական աջակցությունը»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարը նաև ընդգծեց, որ փոխվստահության մթնոլորտի հնարավորության ստեղծման համար կարևոր է ԼՂ ժողովրդի իրավունքների, ինչպես նաև ԼՂ-ում մնացած հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրում: