ՀՀ ԲԿ–ներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 500 անձ կա, 90%–ը երեխաներ են

Հոսպիտալացվածներից 16-ը, որոնք 0-4 տարեկան երեխաներ են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդացությունների դեպքերն աճել են 1,1 անգամ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդացությունների դեպքերն աճել են 1,5 անգամ։

«Հոկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 500 բուժառու, որոնց 90 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։ Հոսպիտալացվածներից 16-ը, որոնք 0-4 տարեկան երեխաներ են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ հիվանդացության դեպքերի մոտ 70 տոկոսն արձանագրվում է 0-18 տարեկանների շրջանում, որոնցից գրեթե 50 տոկոսը 0-4 տարեկան երեխաներ են։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը քաղաքացիներին կոչ արեց պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։

Նա վստահեցրեց, որ հանրապետությունում կա բավարար քանակությամբ պատվաստանյութ, սակայն առաջնահերթությունը տրվում է ռիսկային խմբերին` երեխաներին, հղիներին, տարեցներին, խրոնիկ հիվանդություններ ունեցողներին և բուժաշխատողներին։

«Ավելի քան 20 հազար մարդ արդեն պատվաստվել է։ Այն անվճար է բոլորի համար, այդ թվում՝ օտարերկրացիների»,- ասաց Գրիգորյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print