Կապանի պատվիրակությունը պաշտոնական այցով եղել է Իրանի Սպահան քաղաքում

Քննարկվել երկու համայնքների ներկա հարաբերությունները և հետագա հնարավոր համագործակցության ուղիները։

Սպահան քաղաքի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով հոկտեմբերի 20-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա պաշտոնական այցով հյուրընկալվել էր Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաք, հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

Պատվիրակությանն ուղեկցել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Արթուր Սարգսյանը և Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:

Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել երկու համայնքների ներկա հարաբերությունները և հետագա հնարավոր համագործակցության ուղիները։

Սպահանի քաղաքապետը ողջունելով պատվիրակությանը՝ իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու քաղաքների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։

«Հայաստանի և Իրանի հարաբերությունները իրար հետ կապված են դարերի խորքից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով։ Հայերը մեզ համար հարգանքի արժանի ժողովուրդ են և մենք միշտ սիրել ու հարգել ենք նրանց՝ որպես համաքաղաքացիներ։ Մենք շահագրգռված ենք Կապան քաղաքի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերության հաստատմամբ, ինչն էլ ավելի կխորացնի մեր քաղաքների միջև առանց այն էլ դրական հարաբերությունները։ Իրականում առկա է լայն դաշտ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար, և ես իմ հերթին կանեմ հնարավորը, որ դրանք գործնականում հաջող ընթացք ստանան»,– ասել է Սպահանի քաղաքապետը։

Գևորգ Փարսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ալի Ղասեմզադեին՝ հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, ապա կիսվել քաղաքից ստացած իր տպավորություններով: Անդրադառնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակին, համայնքի ղեկավարը հաստատել է Կապանի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու իր պատրաստակամությունը, ընդ որում, հաշվի առնելով տեղի հայ համայնքի կարևոր դերակատարությունը։

«Սպահանի հետ երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը իսկապես կարևոր է մեզ համար։ Կապանը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է, քանի որ այստեղով է անցնում Հյուսիս–Հարավ ճանապարհը, որն ապահովում է ելք դեպի Սև ծով, և դեպի ԵԱՏՄ շուկա։ Այս առումով, կարծում եմ ունենք լայն հնարավորություն և կարող ենք համագործակցել տնտեսական ոլորտում, ինչպես նաև մշակույթի, կրթության, առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում»,– ասել է Գևորգ Փարսյանը։

Պաշտոնական հանդիպումից հետո պատվիրակության անդամները այցելել են Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը: Եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» և «Չեհել Սոթուն» պալատներում՝ ծանոթացել իրանական հոգևոր և մշակութային կառույցների պատմությանը:

Հաջորդ այցը եղել է Սպահանի պետական համալսարան, որտեղ պատվիրակության անդամները ծանոթացել են համալսարանի և օտար լեզուների ֆակուլտետում գործող հայոց լեզվի և գրականության ամբիոնի գործունեությանը, որից հետո տեղի է ունեցել հանդիպում Հայագիտական ամբիոնի ակադեմիական կազմի հետ:

Շրջայցը շարունակվել է Սպահանի առողջապահական կարգավորման համալիրում, որտեղ տնօրենի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է տարբեր բաժանմունքներով և հիվանդասենյակներով, ծանոթացել հաստատության պայմաններին, մատուցվող ծառայություններին և ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներին։

Հոկտեմբերի 21–ի օրակարգը եզրափակվել է Սպահանի շինարարական տեխնոլոգիաների ցուցահանդես այցելությամբ, որտեղ տեղի է ունեցել նաև հանդիպում Սպահան նահանգի արտաքին գործերի նախարարության, Առևտրի պալատի և Սպահանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print