Նոյեմբերին և դեկտեմբերին առաջնային սպառողական ծախսերի համար տրամադրվելիք 50-հազարական դրամ աջակցության առումով կլինեն բացառություններ։
100-հազարական դրամների գործընթացը մոտենում է ավարտին, այսօր ևս 3000 անձի կփոխանցվի գումարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ընդունված որոշման համաձայն՝ 100-հազարական դրամի շահառու կդառնան նաև մինչև սեպտեմբերի 19-ը Կարմիր խաչի միջոցով Հայաստան բուժման կամ ուսման նպատակով տեղափոխվածներն ու նրանց ուղեկցողները, փոխանցում է infoport-ը:
Ինչ վերաբերում է նոյեմբերին և դեկտեմբերին առաջնային սպառողական ծախսերի համար տրամադրվելիք 50-հազարական դրամ աջակցությանը, որի շահառու չէին դառնալու բանկային հաշվին բավարար չափով միջոցներ ունեցողները, ապա այդ մասով լինելու են որոշ բացառություններ:
«Օրինակ կարող եմ բերել զոհվածների ընտանիքներին, որոնք Զինվորական ապահովագրության հիմնադրամից ստացել են այդ միանվագ գումարները, և դեռևս պահպանում են իրենց հաշիվները, այս ընտանիքներն անպայմանորեն կլինեն բացառությունների շարքում»,- ասաց նա: