Վրաստանի վարչապետի խոսքով՝ դա միշտ արվել է տարբեր ձևաչափերով և տարբեր մակարդակներով:
Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
«Մեր գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է։ Ես ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղ համաձայնագրի ստորագրման համար։ Հուսով եմ, որ դա կիրականացվի որքան հնարավոր է շուտ, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը խաղաղության և անվտանգության տարածք դարձնելը», – նշել է Պապուաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը ոչ միայն պատմականորեն, այլև դեռ ոչ վաղ անցյալում միշտ եղել է այն երկիրը, որը հնարավորություն է տվել իր բարեկամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հանդիպել առարկայական քննարկումների համար։
«Դա միշտ արվել է տարբեր ձևաչափերով և տարբեր մակարդակներով: Վրաստանը գրեթե միակն է, որին երկու երկրներն էլ բացարձակ վստահում են, քանի որ այս տարածաշրջանում տեղի ունեցած հակամարտության ժամանակ մենք շարունակում ենք մնալ լիակատար չեզոք դիրքում»,- շեշտել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
Ինչ վերաբերում է Վրաստանի դերին, ապա այստեղ, ըստ Պապուաշվիլիի, Վրաստանի կառավարության ղեկավարը հատկապես սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի վարչապետի ու նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, այս դերն արդեն իսկ դրական ներդրում է ունեցել, երբ 2021 թվականի հունիսին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունները ազատ արձակեցին 15 հայ գերիների, իսկ Հայաստանը ականապատ դաշտերի քարտեզները հանձնեց ադրբեջանական կողմին։
«Վստահ եմ՝ դրական դերի օգտագործումը կարևոր կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Վրաստանը, որպես տարածաշրջանում հիմնական կապող օղակ, ավելի է ամրապնդում այդ դիրքերը: Մինչև 2000 պատվիրակի մասնակցությամբ համաժողովը հաստատում է, որ Վրաստանը դառնում է տարածաշրջանային կենտրոն բազմաթիվ ուղղություններով»,- հավելել է Պապուաշվիլին։