Ինչպես են Մախաչկալայում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժում օդանավակայան

Զանգվածային անկարգություններից հետո օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։

Կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի – Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։

Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։

Ցուցարարների՝ օդանավակայանի տարածք ներխուժումից հետո դեպքի վայրեն ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։ Միջադեպի հետևանքով կան տուժածներ ինչպես քաղաքացիական անձանց շրջանում, այնպես էլ ոստիկանների։ Դաղստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ՝ ստացիոնար բուժում է ստանում 10 մարդ, ևս 10 մարդ դիմել է ամբուլատոր բուժօգնության համար։

ՆԳՆ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ անկարգություններին մասնակցող բոլոր անձանց ինքնությունը կպարզվի տեսախցիկների միջոցով, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Տեղի իշխանություններն ընդգծել են, որ օդանավակայանում իրավիճակը վերահսկելի է։ Միջադեպից հետո տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է շուրջօրյա գործողության անցնելու և օպերատիվ շտաբ ստեղծելու մասին, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Միջադեպից հետո ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է օդանավակայանը մինչև նոյեմբերի 6-ը փակելու մասին, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ այն կարող է բացվել լույս հոկտեմբերի 31-ի գիշերը։

«Օդանավերի ընդունման համար Մախաչկալայի օդանավակայանի ժամանակավոր փակման ժամկետը կպահպանվի նախապես մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ի ժամը 02։59-ը (Մոսկվայի ժամանակով)»,- ասված է Ռոսավիացիայի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print