Բագրատաշենում ԼՏՕ-ները կունենան առանձին ուղի, որով անխոչընդոտ և առանց հերթերի կհատեն սահմանային անցակետը



Մեր հիմնական կապիտալ ծախսերն առևտրի դյուրինացմանն են ուղղված: Օրինակ՝ լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) համակարգի զարգացման նպատակով որոշակի մաքսային ընթացակարգերի վերանայումներ ենք իրականացնում, ինչի շրջանակում շինաշխատանքներ են նախատեսվում Բագրատաշենում: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ԿԵ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Մրցութային արդյունքով արդեն հաղթող ընկերություն կա, և շուտով կսկսվի շինարարությունը, ինչը կնշանակի, որ, օրինակ, ԼՏՕ-ները կունենան առանձին ուղի, որով անխոչընդոտ և առանց հերթերի կհատեն սահմանային անցման կետը:

Այդտեղ կիրականացվի նաև ուղևորատար և բեռնատար հոսքերի տարանջատում, որպեսզի տուրիստական հոսքերը և բիզնեսի հոսքերն իրարից տարանջատենք»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նախատեսվում է նաև Մեղրիի անցակետի արդիականացում:

«Մեր ամենավատ վիճակում գտնվող կետն է, և ՎԶԵԲ-ի աջակցությամբ և համատեղ ծրագիր է իրականացվում: Արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները»,- ասաց նա:

Ըստ Բադասյանի՝ մեկնարկել են նաև Երևանի և Սիսիանի ավտոտրանսպորտային գրասենյակների ԱՏԳ-ների աշխատանքները: Երևանի ԱՏԳ տարածքում հիմա քանդման աշխատանքներ են, որից հետո 1 պատուհան սկզբունքը կներդրվի, և գրեթե բոլոր ժամանակավոր պահպանության պահեստները կկենտրոնացվեն Երևանի ԱՏԳ-ում՝ 1 պատուհան սկզբունքով՝ առանց հավելյալ վարչարարական միջամտությունների:

«Այդտեղ մաքսազերծումը կկատարվի: Իհարկե, այստեղ բավականին երկար շինարարության ընթացք ունենք, և նմանատիպ արտաքին գործունեության կենտրոն նախատեսում ենք ունենալ Սիսիանում, և այդ մասով դեռ նախապատրաստական ընթացքում ենք»,- ասաց Բադասյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print