Նոր կարգը կգործի նոյեմբերի 1-ից։
Արցախցիների համար նախատեսված «40+10» հազար դրամ ծրագրից օգտվելու կարգը նոյեմբեր ամսից կփոխվի. այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Այն անձինք, ում կեցության հարցը հօգում է Հայաստանի Հանրապետությունը, ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այլեւս: Դրանք այն անձինք են, ովքեր բնակվում են պետական համ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն էլ տեղեկացրեց, որ այս շաբաթ եվս իրականացվել են «40+10»՝ կեցության եւ կոմունալ ծառայությունների իրականացման համար նախատեսված ծրագրի շրջանակներում վճարումներ: Հիշեցնենք, 40 հազարական դրամներ ստանում են այն արցախցիները, ովքեր ՀՀ-ում սեփականության իրավունքով գրանցված գույք չունեն, 10 հազարական դրամներ ստանում են այն արցախցիները, ովքեր ՀՀ-ում սեփականության իրավունքով գրանցված գույք ունեն: Ծրագրից օգտվել է 73 հազար 136 անձ: Նրանցից 3997 անձ ստացել է միայն 10 հազար դրամի չափով աջակցություն: Շուրջ 100 հազար մարդ էլ օգտվել է 100 հազար դրամ աջակցության ծրագրից: Այսուհետ 100 հազար դրամ աջակցության ծրագրից կկարողանան օգտվել նաեւ այն արցախահայերը, ովքեր Բերձորի միջանցքի փակվելուց հետո, Հայաստան են եկել Կարմիր խաչի աջակցությամբ՝ բուժում ստանալու նպատակով եւ ունեն Արցախի բժշկական հաստատություններից համապատասխան փաստաթղթեր, ուսումնամարզական միջոցառումների մասնակցելու նպատակով եւ ուսում ստանալու նպատակով:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն էլ տեղեկացրեց, որ ԼՂՀ-ից բռնի տեղահանված ուսուցիչներից 126-ն արդեն դիմել են ՀՀ-ի տարբեր մարզերում աշխատանքի անցնելու համար նախատեսված ծրագրին, 52-ն արդեն գործուղվել են: Արցախցի ուսուցիչները կունենան 30 տոկոս հավելավճար, իսկ սահմանամերձ դպրոցներում աշխատանքի անցնելու պարագայում՝ 30+50 տոկոս հավելավճար: